Գրանցվել

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ է «Գիտության շաբաթը»:

«Գիտության շաբաթը» լայն հասարակայնության համար անցկացվող միջոցառումների շարք է։ Միջոցառումները կապված են գիտության ու տեխնոլոգիաների հետ և նպատակ ունեն մեծացնել հետաքրքրությունը գիտության նկատմամբ հասարակության բոլոր խմբերի մոտ։ «Գիտության շաբաթը» միջազգային ձևաչափ է։

Ո՞րն է այս տարվա «Գիտության շաբաթվա» թեման:

Մոտեցնելով գիտությունը հասարակությանը. սա է այս տարվա «Գիտության շաբաթվա» թեման։ Առաջին համազգային «Գիտության շաբաթը» նպատակ ունի վերածվելու գիտության հանրահռչակման համազգային հարթակի, որն ամուր կապեր կձևավորի հասարակության ու գիտատեխնոլոգիական համայնքի միջև։

Ե՞րբ և որտե՞ղ տեղի է ունենալու «Գիտության շաբաթը»:

«Գիտության շաբաթը» անցկացվելու է հոկտեմբերի 1-ից 6-ը` Երևանում և Հանրապետության բոլոր մարզերում։ Երևանի Ազատության հրապարակում կանցկացվի Գիտության փառատոն, դրան զուգահեռ` մայրաքաղաքի ու բոլոր մարզերի մանկապարտեզներում, դպրոցներում ու բուհերում կկազմակերպվեն ապակենտրոնացված միջոցառումներ` կապված գիտության ու տեխնոլոգիաների հետ։

Ո՞վ կարող է մասնակցել:

«Գիտության շաբաթվան» կարող է մասնակցել յուրաքանչյուրը։

Ինչպե՞ս կարող են անհատները գրանցվել «Գիտության շաբաթին»:

«Գիտության շաբաթին» անհատները կարող են մասնակցել առանց նախնական գրանցման։

Ինչպե՞ս կարող են կազմակերպությունները աջակցել «Գիտության շաբաթին»

Կազմակերպությունները «Գիտության շաբաթին» կարող են աջակցել` նվիրաբերություն կատարելով նախագծին այստեղ՝ հղում։

Ի՞նչ է ապակենտրոնացված միջոցառումը։

Ապակենտրոնացված միջոցառումները նախատեսված են մանկապարտեզների, դպրոցների ու բուհերի համար։ Գիտափորձերի ու նախագծային աշխատանքների միջոցով դրանք նպատակ ունեն ոգեշնչել երեխաներին ու երիտասարդներին` հետաքրքրություն առաջացնելով գիտության նկատմամբ։ Մանկապարտեզների ու դպրոցների ապակենտրոնացված միջոցառումների փաթեթը բաղկացած է 60 միջոցառումից, որից օգտվելով` մանկապարտեզներում ու դպրոցներում մանկավարժները կարող են գիտափորձեր ու նախագծային աշխատանքներ իրականացնել բոլոր գիտակարգերում։ Բուհերի միջոցառումների փաթեթը ներառում է միջգիտակարգային 30 ուղղություն ու 150 թեմա` սեմինարների, դասախոսությունների ու քննարկումների համար։

Ինչպե՞ս մասնակցել ապակենտրոնացված միջոցառումներին։

Ապակենտրոնացված միջոցառումների փաթեթը տեղադրված է մեր կայքում։ Յուրաքանչյուր միջոցառում մանրամասն նկարագրված է` սկսած նպատակներից, անհրաժեշտ նյութերից մինչև քայլերի հաջորդականություն։ Մասնակցության համար ընդամենը պետք է ներբեռնել միջոցառումների փաթեթը, ընտրել ձեզ հետաքրքրող միջոցառումը (կամ միջոցառումները) ու անցկացնել այն երեխաների մասնակցությամբ։

Որո՞նք են ապակենտրոնացված միջոցառումների մասնակցության պահանջները:

1. Լինել մանկապարտեզի, դպրոցի կամ բուհի ներկայացուցիչ։

2. Ընտրել մեր կայքում առաջարկվող գիտափորձերից կամ թեմաներից մեկը։

3. Գրանցվել մեր կայքում՝ այստեղ։

4. Ընտրել ձեր կառույցից մասնակից շահառուներ՝ դաստիարակ, ուսուցիչ, դասախոս, երեխաներ, աշակերտ, ուսանող։

5. Կատարել գիտափորձը կամ նախագիծը։

6. Նկարահանել ամբողջ ընթացքը և ուղարկել մեզ՝ հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ info@scienceweek.am։

Ի՞նչ միջոցառումներ են սպասվում «Գիտության շաբաթվա» ընթացքում:

Առաջին համազգային «Գիտության շաբաթվա» ընթացքում Ազատության հրապարակում` Գիտության փառատոնին, և Հանրապետության մանկապարտեզներում, դպրոցներում ու բուհերում կանցկացվեն դասախոսություններ, սեմինարներ, վարպետաց դասեր, մրցույթներ, գիտափորձեր և այլն։ Մասնակիցները կծանոթանան վերջին գիտական հայտնագործություններին, կշփվեն գիտնականների հետ, իրենց ուժերը կփորձեն տարբեր նախագծերում։ «Գիտության շաբաթվա» միջոցառումները ընդգրկելու են բոլոր գիտակարգերը, առնչվելու են տեխնոլոգիական վերջին նվաճումներին ու հետաքրքիր կլինեն բոլոր տարիքային խմբերի համար։

Հետադարձ կապ

Հեռ. համար:

Էլ. հասցե: